Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«ՈՒրիշի նյութն օգտագործելը, այն էլ ստեղծագործական նյութը, ինչպիսին է խաղարկային կինոն, անընդունելի է»

«ՈՒրիշի նյութն օգտագործելը, այն էլ  ստեղծագործական նյութը, ինչպիսին է  խաղարկային կինոն, անընդունելի է»
04.07.2014 | 11:27

Երբ ականջ ծակող հեռուստագովազդը ներխուժում է բնակարանդ, մեղմ ասած, հաճելի չէ, բայց էլ ավելի անհասկանալի ու անհաճո է, երբ ազգային արժեք ներկայացնող հին, բարի, սիրված ֆիլմերից կտորներ ես տեսնում գովազդային հոլովակներում` հարմարեցված պատվիրատուի պահանջներին:

Գովազդում ֆիլմից դրվագներ օգտագործելը Հենրիկ Մալյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆԸ համարում է անթույլատրելի. մեզ հետ զրույցում նա ասաց, որ տարիներ առաջ տեսել է Մինաս Ավետիսյանի նկարներից մեկը թանի շշին պատկերված և շատ է զարմացել:
«Իսկ երբ «Կտոր մը երկինք» ֆիլմից է դրվագ օգտագործվում գովազդային հոլովակում, ի՞նչ կարող է անել այս դեպքում ժառանգը,- հետաքրքրվեցի,- առհասարակ, հեղինակային իրավունքի հարցն ինչպե՞ս է կարգավորվում մեր երկրում, ի՞նչ իրավասություններ ունի ժառանգորդը»:
«Չգիտեմ օրենքն ինչ ձևով է գործում: Ես Հենրիկ Մալյանի միակ ժառանգն եմ, միանվագ չնչին գումար է վճարվել տարիների ընթացքում ֆիլմերի ցուցադրության համար: Հարցը գումարը չէ, այլ խնդրի բարոյական կողմը,- ասաց Նարինե Մալյանը, նշելով, որ գովազդային հոլովակներից բացի, ֆիլմից հատվածներ և երաժշտություն են գործածում նաև ցածրորակ տեսահոլովակներում:-Հեղինակային օրենքը չի գործում այնպես, ինչպես, օրինակ, Ռուսաստանում, որտեղ շատ հստակ է դրված այդ հարցը: «Հայֆիլմի» վաճառքից հետո ինձ համար պարզ չէ, թե ում են պատկանում ֆիլմի ցուցադրության իրավունքները: Առայսօր որևէ մեկն ինձ չի դիմել ֆիլմը ցուցադրելու թույլտվություն ստանալու համար: Շատ անհասկանալլի իրավիճակ է ստեղծվել հեղինակային իրավունքի հետ կապված, և շատ տգեղ ձևով են վերաբերվում: Ֆիլմերի ցուցադրության հարցում հատկապես անտարբեր են, պարզ չէ, թե որ դեպքում ում շահերն են պաշտպանվում»:
Գալով խնդրի գեղագիտական կողմին, հետաքրքրվեցի՝ գոհացնո՞ւմ են Մալյանի ֆիլմերի թվայնացված, գունավոր տարբերակները:
«Գունավորումն արվել է անորակ և ոչ պրոֆեսիոնալ մակարդակով,- ասաց Ն. Մալյանը:- Պատկերացրեք՝ Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդան» մատիտով գծեին ու տային երեք տարեկան երեխային, որ ներկեր, ինչպե՞ս կներկեր այդ երեխան. աչքերը` կանաչ, մազերը` դեղին, շորը` վարդագույն: Այդ նույն տրամաբանությամբ են մոտեցել ֆիլմերին: Դրանով պետք է խնամքով զբաղվեին լուրջ, բանիմաց ու կրթված մարդիկ, ովքեր հասկանում են` ինչ է կինոն: Իսկ զբաղվել են երիտասարդներ, որոնք գուցե և տիրապետում են տեխնիկական ինչ-ինչ հնարքների, բայց կինոարվեստից, ցավոք, բան չեն հասկանում: Արդյունքում ունեցանք խորությունից զուրկ, անկենդան պատկեր, որը բացարձակապես ոչ մի կապ չունի ոչ ռեժիսորական և ոչ էլ, առավել ևս, օպերատորական մտահղացման հետ»:
«Հայհեղինակ» կազմակերպության տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ասաց, որ դրվագը համարվում է հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օգտագործվում է գովազդի մեջ, թեկուզ մեկ րոպե, դա լինի երաժշտություն, ֆիլմի դրվագ, միևնույն է՝ իրավատերը պետք է թույլ տա: Երաժշտական խնդիրը կարող են ինչ-որ ձևով լուծել, իսկ ֆիլմերի հետ կապված պետք է դիմել իրավատերերին: Ժառանգները, նրա տեղեկացմամբ, օգտվում են միայն ֆինանսներ ստանալու իրավունքից: Անդրադառնալով «Հեղինակային իրավունքների խախտումներ նման դեպքերում լինո՞ւմ են» հարցին` պատասխանեց. «Խախտումներ շատ կան, երաժշտական և երաժշտադրամատիկական իրավունքներով զբաղվում ենք մենք և փորձում ենք կարգավորել»:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ո՞ւմ է պատկանում հայկական ֆիլմերի ցուցադրման իրավունքը, մասնավորապես, գովազդային տեսահոլովակում ֆիլմից հատված օգտագործելու համար ո՞վ պետք է թույլտվություն տա: «Նայած ինչ ֆիլմ,- ասաց կինոկենտրոնի տնօրենը:- Այն ֆիլմերը, որոնց իրավունքները տրված են «Գաֆեսճյան» հիմնադրամին, իրենք պետք է թույլ տան: Ֆիլմերը, ըստ էության, մերն են, հեղինակային իրավունքը մերն է, կոմերցիոն իրավունքը «Գաֆեսճյանին» է տրված: Եթե, օրինակ, հայկական միջավայրում, ոչ կոմերցիոն փառատոնում պետք է ցուցադրվեն «Սարոյան եղբայրները», «Մեր մանկության տանգոն», մենք ենք թույլատրում: Եթե կոմերցիոն բնույթ ունի ցուցադրումը, կամ գովազդային հոլովակում է օգտագործվում, որի համար գումար պետք է վճարեն, իրավունքն իրենցն է»:
Թեմայի վերաբերյալ ուզում էինք հարցեր ուղղել նաև «Գաֆեսճյան» հիմնադրամին, սակայն կապ հաստատել չհաջողվեց:
Իսկ մերօրյա ռեժիսորները, հետաքրքիր է, որևէ իրավունք ունե՞ն կամայականություններից ու կոմերցիոն գործածումից իրենց ֆիլմը փրկելու: Կինոռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆԸ ցավով նշեց, որ ռեժիսորներն այսօր չունեն ոչ մի իրավունք: Թույլ տալ կամ արգելել կարող են ֆիլմի պրոդյուսերը և կինոարտադրող ընկերությունը: «Իսկ ուրիշի նյութն օգտագործելը, այն էլ ստեղծագործական նյութը, ինչպիսին է խաղարկային կինոն, անընդունելի է»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ